ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մեր պայքարը սոցիալական է»

«Մեր պայքարը սոցիալական է»
31.03.2009 | 00:00

ՄՏԱԾԵԼ Ո՛Չ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԻ ՄԱՍԻՆ
Շաբաթ-կիրակի օրերին «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները դուրս էին եկել աշխատանքի, բայց ոչ թե այն պատճառով, որ տոնավաճառի սեփականատերը բավարարել էր նրանց պահանջները, այլ որովհետև ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց հավաստիացրել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղյակ է խնդրին, և մի քանի օր ժամանակ է հարկավոր հարցը պարզաբանելու համար։
Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն անցած շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ տոնավաճառի տնօրենությունից պահանջելով իջեցնել տաղավարների համար գանձվող ամսավճարը։ Իսկ գումարը բավականին պատկառելի է՝ 225 հազար դրամ, ինչը, ըստ վաճառականների, ճգնաժամային այս պայմաններում անհնար է վճարել, քանի որ կտրուկ նվազել է առևտրաշրջանառությունը։ «Ամսվա մեջ մեկ-երկու կտոր շոր ենք վաճառում, ո՞նց կարող ենք էդքան գումար մուծել»,- զայրացած ասում էին նրանք։ Տոնավաճառի աշխատակիցները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ տնօրենությունը խոստացել է մոտ 30 հազար դրամով իջեցնել վճարները, սակայն դա չնչին գումար է, և իրենց պահանջն է տեղի համար գանձվող գումարը նվազեցնել 100 հազարով, հակառակ դեպքում ստիպված կլինեն թողնել տաղավարները։ Նրանց տվյալներով՝ վերջին շրջանում «Հրազդան» տոնավաճառում նման պատճառաբանությամբ տասնյակ տաղավարներ են ազատվել։ Տոնավաճառի աշխատակիցները նշում էին, որ լավ կլիներ՝ հանրապետության վարչապետը չսահմանափակվեր միայն ոսկու շուկա կատարած այցելությամբ, այլ ավելի հետևողական լիներ և ծանոթանար նաև իրենց խնդիրներին ու աշխատանքային պայմաններին։ Իսկ խնդիրներ այստեղ իրոք կան. մարդիկ, ամսական վճարելով հսկայական գումարներ, ստիպված են աշխատել առանց տարրական պայմանների, ձմռան ցրտին, ամռան տապին, անձրևից կաթող տաղավարներում։
Նրանք նաև վախենում էին ներկայանալ՝ նշելով, թե տնօրենությունը պահանջել է հանձնել խանութ-տաղավարների բանալիներն իրենց այն գործընկերներից, ովքեր խնդիրը բարձրացնելու համար գնացել էին կառավարություն։
«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները հերքեցին տարածվող այն լուրերը, թե իրենք ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից, որոնց նպատակը տոնավաճառը սեփականատեր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանից վերցնելն է։ «Մեր պայքարը սոցիալական է։ Մենք պահանջում ենք միայն խելամիտ գներ սահմանել, որպեսզի կարողանանք վճարել։ ՈՒրիշ խարդավանքների ու մութ խաղերի մենք չենք մասնակցում»,- նշում էին տոնավաճառի աշխատակիցները։ Երկուշաբթին «Հրազդանում» հանգստի օր է։ Եթե առաջիկա օրերին իրենց պահանջները չբավարարվեն, վաճառականները կրկին դիմելու են բողոքի ծայրահեղ քայլին, որովհետև այլընտրանք չունեն։
Ի դեպ, բողոքի ալիքը տեղափոխվել է նաև այլ տոնավաճառներ։ Անցած ուրբաթ նույն պահանջն էին բարձրացրել նաև «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները։ Այստեղ ևս հրաժարվում էին աշխատել՝ տնօրենությունից պահանջելով իջեցնել տաղավարների համար գանձվող խիստ բարձր վարձավճարները։ Ներկա պահին առևտրի ծավալները նվազել են, և, ըստ տաղավարների սեփականատերերի, այժմ անհնար է շահույթ ստանալ՝ նման վարձեր վճարելով տոնավաճառի տնօրենությանը։ Նշենք, որ տոնավաճառները հարկերը վճարում են վարձակալների վճարներից և հաշվարկում են զբաղեցրած տարածքի չափերին համապատասխան, այսինքն՝ հաստատագրված վճարով: Սակայն և՛ «Հրազդանի», և՛ «Սուրմալուի» աշխատակիցները վստահեցնում են, որ հաստատագրված վճարի չափի և իրենցից գանձված վարձավճարների միջև բավականին մեծ տարբերություն կա, և այդ տարբերությունը հօգուտ պետության չէ։ Այնպես որ, տոնավաճառների սեփականատերերն իջնելու տեղ ունեն, միայն թե ճգնաժամային այս պայմաններում մի քիչ էլ պետք է իրենց կերակրող ժողովրդի մասին մտածեն և ոչ միայն սեփական գրպանի։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4172

Մեկնաբանություններ